Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։
Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում, հայտնում է Արմենպրեսը։
Քվեարկությունից առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել առաջարկով՝ հանելու հարցը օրակարգից։
«Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։
«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ևս աջակցել է տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից և «Գյումրու օր»-ի տոնակատարությունը պաշտոնապես չի անցկացվելու։
Սակայն «Գյումրու օրը» չեղարկելու որոշման արձագանքներին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախաձեռցվել է արտահերթ նիստ։
Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գյումրեցիները չեն կարող զրկվել տոնին մասնակցելու և արդեն ավանդույթ դարձած օրը նշելու հնարավորությունից։
Արտահերթ նիստի օրակարգում ներառված է լինելու «Գյումրու օր» տոնակատարության անցկացման հարցը։






