Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։
Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվել են միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնել է նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։
Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպել է նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Արցախցիների իրավունքների, գերիների և Արցախի ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին կաթողիկոսը խոսել է նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Լեոն 14-րդ Պապի հետ հանդիպմանը։ Նորին Սրբությունը Լեոն 14-րդ Պապին հրավեր է ուղղել այցելելու Հայաստան։






