AM
17 Սեպտեմբեր 2025 - 11:12 AMT

Ծառուկյան․ Այսօր ՀՀ–ում չկա մարդ կամ կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, ասել է, որ կգա ժամանակը՝ ամեն ինչ կասի։

«Ամիսներ առաջ ասել եմ՝ ես մտածում եմ, շփվում եմ, տարբեր մասնագետների հետ քննարկումներ եմ ունենում։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա կուսակցություն, որը կկարողանա մեր երկիրն այս վիճակից հանել։ Պարտադիր պետք է քննարկում լինի, պարտադիր չէ, որ այդ մարդը կուսակցական լինի։ Եթե ժողովուրդն աղքատ է, այդ երկիրը չի կարող հզոր լինել. բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, թե ինչ պրոբլեմներ կան։ Հիմա «Կենտրոն» հեռուստաընկերությունում հաղորդում էլ կա՝ «Առաջարկ Հայաստանին», դռները բաց են բոլորի համար, լավ բան ունես առաջարկելու՝ ասա, մենք պատրաստ ենք ընդունելու»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում պետք է հաշտություն ու համերաշխություն լինի, ատելությունը, նախանձն ու չարությունը պետք է վերանան։

«Հայաստանը, պատկերացնենք, մի մեծ ընտանիք է, եթե ընտանիքում չկարողանան միմյանց լսել, միասնական աշխատել, ապրել, ոչ մի հաջողություն չի կարող լինել։ Պետքէ ոչ թե նստել, բամբասել, ցեխ շպրտել իրար վրա, այլ ամեն մեկն առաջարկի, թե ինչ է ուզում անել, ինչ առաջարկ ունի»,- հավելել է Ծառուկյանը։

2026–ին ՀՀ–ում կայանալու են խորհրդարանական ընտրություններ։