Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահեցրել է՝ «Քաղաքի օրը» չի չեղարկվել, այլ միջոցառումների կազմակերպման հարցը ժամանակավորապես հետաձգվել է՝ նախատեսված բյուջեի անբավարար լինելու պատճառով։
Նրա խոսքով՝ «հարցի քննարկումն է չեղարկվել, ոչ թե հանվել է «Քաղաքի օր» միջոցառումը», հայտնում է Radar Armenia-ն։
«Գումարը, որ ներկայացրել էր մշակույթի բաժինը, շատ քիչ էր քաղաքի օրվա միջոցառումների համար, հետաձգել ենք։ Եվ հիմա Կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է անում, որ անպայման ավագանու արտահերթ նիստեր են լինելու, ավելացնելու ենք գումարները և այլ ձևով ենք ներկայացնելու»,–ասել է նա,
Նա պարզաբանել է, որ բնակիչների սպասումներն ու տրամադրությունները հաշվի առնելով՝ հարցի քննարկումը որոշ ժամանակով հետաձգվել է, սակայն տոնակատարության անցկացումը չեն հանել օրակարգից։ Ղուկասյանը հիշեցրել է, որ հենց իր նախաձեռնությամբ է Հայաստանում ներդրվել Գյումրիի օրը նշելու ավանդույթը։
«Իմ նախաձեռնությամբ է եղել Գյումրիի օրը, ես եմ հաստատել այն ժամանակ, և մյուսներն էլ մեզ նայելով են իրենց համայնքներում այդպիսի օր սահմանել»,– ընդգծել է քաղաքապետը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։Քվեարկությունից առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել առաջարկով՝ հանելու հարցը օրակարգից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախաձեռցվել է արտահերթ նիստ։
Խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գյումրեցիները չեն կարող զրկվել տոնին մասնակցելու և արդեն ավանդույթ դարձած օրը նշելու հնարավորությունից։






