Երկու ֆուտբոլի դաշտի չափ ունեցող հսկայական աստերոիդը, որը ստացել է 2025 FA22 անվանումը, սեպտեմբերի 18-ին կանցնի Երկրին շատ մոտ․ ընդամենը 842 հազար կիլոմետր հեռավորությամբ։
Թեև դա Երկրի և Լուսնի միջին հեռավորության կրկնապատիկն է և լիովին անվտանգ է, նման մեծ մարմնի՝ այդքան մոտ անցնելը համարվում է հազվագյուտ երևույթ․ նման հանդիպումները տեղի են ունենում մոտ տասը տարին մեկ, գրում է Radar Armenia-ն։
Աստերոիդը կոչվում է 2025 FA22 և ունի մոտ 158 մետր տրամագիծ։ Այն հայտնաբերվել է այս տարվա մարտին՝ Pan-STARRS 2 աստղադիտակով։ Սկզբում գիտնականները ենթադրում էին, որ այն կարող է բախվել Երկրին 2089 թվականին, ինչի պատճառով այն հայտնվել էր Եվրոպական տիեզերական գործակալության վտանգավոր օբյեկտների ցուցակում։
Եթե նման չափի աստերոիդ երբևէ բախվեր Երկրին, ապա այն կստեղծեր մոտ 4 կիլոմետր տրամագծով խառնարան։ Բարեբախտաբար, այս հանդիպումը կլինի միայն դիտելու առիթ։
Սեպտեմբերի 18-22-ը FA22-ը կփայլի այնքան, որ հնարավոր կլինի տեսնել նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակներով։






