Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կարգավարական վարույթ հարուցելու մասին դիմում են ներկայացրել իրար դեմ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիմքով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել, որն ավարտվել է նրան խիստ նկատողություն հայտնելով։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։
Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։
Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։
ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»,–ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների` Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Բանն այն է, որ պատգամավորը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, դա բարկացրել է Ալեն Սիմոնյանին, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, նա ֆինանսական շահ ունի խաղադրույք ընդունող ընկերությունից: Սիմոնյանը փորձել է կասեցնել օրենքի քվեարկությունը։ Վեճը հասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրինագծին»,–ասվում է հրապարակման մեջ։






