AM
17 Սեպտեմբեր 2025 - 12:19 AMT

Չալաբյան․ Այսօր թոշակառուն ավելի վատ է ապրում, քան 7 տարի առաջ

«Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ թոշակառուների սոցիալական վիճակը վերջին տարիներին զգալիորեն վատթարացել է, իսկ կենսաթոշակային ապահովության հարցը գնալով վերածվում է խորը սոցիալական խնդիրների։

«Այսօր կենսաթոշակառուն ավելի վատ է ապրում, քան 7 տարի առաջ, երբ այս վարչախումբն եկավ իշխանության»,– ասել է նա՝ պարզաբանելով, որ կառավարությունը զգալիորեն ավելացրել է պետական մարմինների ֆինանսավորումը և պետական պարտքի սպասարկման ծախսերը, սակայն թոշակների վրա լուրջ ազդեցություն չի նկատվել, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ կենսաթոշակային ապահովության խնդիրն տարեցտարի ավելի է ահագնանում և դառնում ավելի մեծ սոցիալական խնդիր։ Չալաբյանը տեղեկացրել է, որ միավորումը նախաձեռնել է կոնկրետ քայլեր՝ ուղղված թոշակային խնդիրների լուծմանը։

Նրա խոսքով՝ կա բավարար հնարավորություններ թոշակներն էականորեն բարձրացնելու համար, և «Հայաքվե» միավորումը հանդես է գալու 50% բարձրացման նախաձեռնությամբ։

Միավորման Սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդամ Հրայր Կամենդատյանը ներկայացրել է իրականացված ուսումնասիրությունը, որի հիման վրա արձանագրվել է՝ կենսաթոշակային համակարգում ներգրավված մոտ 502 հազար քաղաքացիների խնդիրները խորացել են։

Նա նաև հարց է բարձրացրել, թե արդյոք թոշակները 5 անգամ բարձարցնելու մասին իշխանական միֆն իրականությանը համապատասխանում է, թե ոչ։ Կամենդատյանը մատնանշել է, որ 2018 թվականին թոշակառուների մասնաբաժինը կազմել է բնակչության 15.6 տոկոսը, իսկ այժմ այն հասել է 16.27 տոկոսի։

«Սա նշանակում է, որ մեր ազգը շարունակում է ծերանալ, նաև կյանքի տևողությունն է ավելացել, բայց այստեղ մի խնդիր կա. ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ դառնում են կենսաթոշակառու, նրանց խնդիրները ավելանում են, բայց պետությունը պետք է երես չթեքի նրանցից և համակարգում իրականացնի ռեալ բարեփոխումներ»,– նշել է Կամենդատյանը՝ կարևորելով համապարփակ կենսաթոշակային բարեփոխումները։

Նրա ներկայացմամբ՝ Հայաստանի նվազագույն կենսաթոշակը ներկայում կազմում է 36 հազար դրամ (մոտ 93 դոլար), մինչդեռ Ադրբեջանում այն 188 դոլար է, Վրաստանում՝ 148 դոլար, իսկ Թուրքիայում՝ 505 դոլար։

«Այս թվերը ցույց են տալիս, որ մենք գտնվում են, ոչ թե խայտառակ համեմատության մեջ, այլ, որ Թուրքիայում, հարևան սուլթանատում կենսաթոշակառուն 2-5 անգամ ավելի շատ թոշակ է ստանում քան Հայաստանում»,– շեշտել է տնտեսագետը՝ իրավիճակը գնահատելով անընդունելի։

Նա նաև քննադատել է իշխանություններին՝ թոշակային բարեփոխումների շուրջ «մանկական ստեր» տարածելու համար։

«Իշխանությունները հայտարարում են, թե 5 անգամ գործողություններ են կատարել ոլորտում, ինչը չի նշանակում, որ 5 անգամ բարձրացրել են թոշակները։ Թոշակները չի բարձրացել 5 անգամ, էս մարդիկ ստում են»,– հայտարարել է Կամենդատյանը;

Նա վերհիշել է 2018 թվականից ի վեր կատարված փոփոխությունները՝ 17% բարձրացում, մինչև 5 հազար դրամ հետվճարային համակարգ, 3 հազար դրամ հավելում որոշ խմբերի համար, նվազագույն թոշակի սահմանում՝ 36 հազար դրամ, հետվճարի աճ՝ մինչև 6 հազար դրամ, սակայն՝ կոմունալ արտոնությունների վերացում։

Նրա տվյալներով՝ 2018-ին միջին թոշակը եղել է 40 հազար դրամ, իսկ այժմ՝ 49 հազար, մինչդեռ աղքատության մակարդակն այդ ընթացքում նվազել է ընդամենը 3 տոկոսային կետով՝ 26.7%-ից դառնալով 23.7%, ինչը, ըստ նրա, չի արտացոլում կյանքի թանկացման իրական ազդեցությունը։

Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում հանրապետությունում ավելացել է նաև թերսնվածության ցուցանիշը։

Խորհրդի մեկ այլ անդամ՝ սոցապ նախկին փոխնախարար Դավիթ Հակոբյանն իր հերթին նշել է, որ վերջին 7 տարում գրանցվել է միջին աշխատավարձի 74% աճ, մինչդեռ թոշակները բարձրացել են ընդամենը 20 տոկոսով։

Նրա խոսքով՝ ներկայումս թոշակառուն 36 հազար դրամով չի կարող գնել այն, ինչ կարող էր ձեռք բերել 2017 թվականին։