AM
17 Սեպտեմբեր 2025 - 12:38 AMT

Տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները և նախարարության ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհավորել խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ «Թանգարանների մասին» օրենքի համաձայն ձևավորված խորհուրդը խորհրդատվական մարմին է՝ երեք տարի ժամկետով, բաղկացած 15 անդամից։ Դրա կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ինչպես նաև ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ, իսկ թանգարանների ներկայացուցիչները ներգրավված են ռոտացիոն կարգով։

«Այս ձևաչափով պետք է քննարկվեն թանգարանային ոլորտի կարևոր հարցերը, որի արդյունքում ներկայացվող խորհրդակցական առաջարկները և եզրակացությունները կարող են հիմք ծառայել թանգարանային քաղաքականության հստակեցման և ճշգրտման համար: Շատ կարևոր է, որ ոլորտում այսպիսի հավաքական խորհրդակցական մարմին է ձևավորվել»,– նշել է նախարարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Օրակարգում ներառված միակ հարցը վերաբերում էր ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքին։ Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեման կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համապատասխանում է կառավարության շարունակական քաղաքականությանը։

«Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,– նշել է նախարարը։

Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը, ներկայացնելով առաջարկներ ու դիտարկումներ, որոնք առնչվել են թանգարանների խանութների, հուշանվերային արտադրանքի բաղադրիչների և դրանց կիրառման գործիքակազմի հետ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մշակույթի զարգացման հիմնադրամին կատարած ծավալուն աշխատանքի համար և առաջարկել նախագիծը ևս մեկ անգամ քննարկել՝ այն լրամշակելուց հետո։