AM
17 Սեպտեմբեր 2025 - 12:44 AMT

Ավինյանը խիստ նկատողություն է տվել Ավետ Բաբայանին և արձակուրդ ուղարկել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը, տեղեկացնում է Radar Armenia-ն։

Օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից ինքը բռնության էր ենթարկվել։

Հարուցվել է քրեական գործ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պետք է քննվի դրա հավանական կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանի կապը միջադեպի հետ։

«Խիստ հավանական է, որ ընդդիմադիր/քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակումը կազմակերպել է հենց Ավետիք Բաբայանը, քանի որ հարձակմանը նախորդել էր Կարապետյանի ու Բաբայանի հեռակա վեճն ու Բաբայանի կողմից բռնության սպառնալիքները (որոնք, փաստորեն, արագ իրականացվեցին)»,–գրել է նա։