AM
17 Սեպտեմբեր 2025 - 13:28 AMT

Աղազարյան․ Իմպիչմենտի համար ևս 19 պատգամավոր պետք է միանա, ինչն անհնար է

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությանը, ընդգծել է, որ գործընթացի հաջողությունը գործնականում քիչ հավանական է, հայտնում է Radar Armenia-ն։

«Ամենայն հարգանքով պարոն Մամիջանյանի հանդեպ, բայց պետք չէ մեծ-մեծ խոսել։ Պետք է ՔՊ-ական 19 պատգամավոր ևս միանան այդ նախաձեռնությանը, ինչը անհնար է»,–ասել է նա։

Ընդդիմությունն արդեն նախաձեռնել է խորհրդարանական լսումներ իմպիչմենտի հարցով։ Իսկ թե Աղազարյանը կմասնակցի դրանց, նրա խոսքով, կախված կլինի քննարկման օրից։

Պատգամավորը հավելել է նաև, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է 54 ստորագրություն։

«Կհաջողվի նրանց, թե ոչ, չեմ կարող հստակ ասել»,– նշել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախաձեռնություն ներկայացնել և այդ նպատակով կազմակերպել հանդիպումներ։