Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին մարդասիրական և մարդու իրավունքներին վերաբերող հարցերով կապ հաստատել, սակայն Բաքվից որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։
«Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց անմիջապես հետո Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին՝ որպես ապաքաղաքական և անկախ մարմիններ, հաղորդակցություն ունենալ մարդասիրական և մարդու իրավունքներին առնչվող հարցերով։ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարից որևէ արձագանք այս առնչությամբ չի ստացվել։ Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում այն կտրամադրենք լրացուցիչ»,– նշված է գրավոր պատասխանում։
ՄԻՊ-ի գրասենյակից ընդգծել են, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի իրավունքների հարցերը պարբերաբար բարձրացվում են ինչպես ՀՀ համապատասխան մարմիններում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Միաժամանակ հիշեցրել են՝ պաշտպանի մանդատը սահմանափակ է և չի ենթադրում բանակցությունների վարում պետության անունից կամ միջազգային դատական գործընթացներ նախաձեռնելու իրավասություն։
Հատուկ մտահոգություն է արտահայտվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման կապակցությամբ, ինչը, այլընտրանքային մեխանիզմների բացակայության պայմաններում, կարող է վտանգ ստեղծել հայ գերիների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։
ՄԻՊ-ին դիմած գերիների ընտանիքները բարձրաձայնել են ոչ միայն կյանքի, առողջության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումների մասին, այլ նաև ներկայացրել են սոցիալական ու իրավական աջակցություն ստանալու խնդրանքներ։ Գրասենյակի փոխանցմամբ՝ մի շարք դեպքերում դրանց արագ լուծում է տրվել պետական մարմինների կամ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ։
Պաշտպանի աշխատակազմը նաև տեղեկացրել է, որ մշտադիտարկում է իրականացնում տարբեր աղբյուրների միջոցով, այդ թվում՝ լրատվամիջոցներից, և հավաքագրված տվյալները ներկայացնում է միջազգային գործընկերներին։
Մանասյանը պարբերաբար հարցը հասցեագրել է հեղինակավոր միջազգային կառույցներին՝ GANHRI, ENNHRI, ICRC, Freedom House, Amnesty International, Human Rights Watch, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգեր, ինչպես նաև տարբեր երկրների օմբուդսմեններին։ Բացի այդ, խնդիրը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԽ երևանյան գրասենյակներին։
Գրասենյակի փոխանցմամբ՝ ՄԻՊ-ը շարունակելու է գերիների և ապօրինի ազատությունից զրկված հայերի իրավունքների հարցը բարձրացնել միջազգային ու տեղական գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






