Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ–ն, սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած նիստում մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։
2025 թվականի մայիսի 29-ի որոշմամբ ՀԷՑ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։ Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ պահանջելով այն անվավեր ճանաչել և վերականգնել լիցենզիայի նախորդ ժամկետը։
Վարչական վարույթի ընթացքում պարզվել է, որ հանձնաժողովի որոշումը լիովին համապատասխանում է օրենքին, քանի որ այս պարագայում սահմանված ժամկետի լրանալուց հետո էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա։ Այդ ծրագրի դրույթներից բխել է, որ լիցենզիան հնարավոր է երկարաձգել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
Այս հիմքով հանձնաժողովը մերժել է ՀԷՑ-ի ներկայացրած վարչական բողոքը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






