AM
17 Սեպտեմբեր 2025 - 14:41 AMT

Ինդոնեզիայի կանանց պատվիրակությունը ծանոթացել է հայկական մշակույթին և պատմությանը

Ջակարտայի Կանանց միջազգային ակումբի 26 անդամից բաղկացած պատվիրակությունը ճանաչողական այցով այցելել է Հայաստան։ Խմբի կազմում են պետական, հասարակական և գործարար շրջանակներում հայտնի կանայք, այդ թվում՝ դեսպանների կանայք։ Այցը նախաձեռնել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Սերոբ Բեջանյանն ու նրա տիկինը՝ Աննա Հասմիկյանը, հայտնում է Արմենպրեսը։

Աննա Հասմիկյանը նշել է, որ անցյալ տարի Ջակարտայում Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումից հետո պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել այցելել Հայաստան։

«Այսօր արդեն Հայաստան են այցելել 26 կանայք։ Նրանք նախապես ուսումնասիրել են մեր երկիրը և ցանկացել տեսնել նաև Տաթևը»,– ասել է դեսպանի կինը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Ինդոնեզիայում Բրազիլիայի դեսպանի կինը, ՄԱԿ-ում Ինդոնեզիայի ներկայացուցչի կինը, Պերուի նախկին դեսպանի կինը, ձեռներեցներ, բժիշկներ և այլք։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հայաստանի պատմությանը, մշակույթին և խոհանոցին։

Կանայք արդեն այցելել են Տաթևի, Գեղարդի, Նորավանքի, Էջմիածնի, Զվարթնոցի, Գառնու տաճարի և այլ վայրերի, եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Ջակարտայի կանանց միջազգային ակումբի նախագահ Նազնին Կուբչանդանին ասել է. «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է։ Մարդիկ բարի ու բարեկամական են։ Մենք չգիտեինք, որ Հայաստանը հայտնի է կոնյակով, այցելեցինք գործարան և հիացանք»։

Նա ընդգծել է, որ կվերադառնան Ինդոնեզիա և կփորձեն ավելի շատ մարդկանց պատմել Հայաստանի մասին։

«Մենք տեսնում ենք, որ դուք շատ հպարտ եք ձեր պատմությամբ ու մշակույթով, և դա օրինակ պետք է դառնա բոլոր ազգերի համար»,– հավելել է Կուբչանդանին։

Ակումբի փոխնախագահ Մերի Անն Վիջայան իր հերթին ասել է. «Հայաստանը շատ յուրահատուկ է։ Այցելեցինք Գյումրի, Էջմիածին, Տաթև։ Ամեն ինչ այնքան պատմական է, որ հոգուս խորքն է գնացել»։ Նա նաև շեշտել է՝ Հայոց ցեղասպանության պատմությունն իրենց խորապես հուզել է։

«Հայ ժողովուրդը ուժեղ է և շատ յուրահատուկ։ Ես վստահ եմ՝ Աստծո ձեռքը ձեր երկրի վրա է։ Մենք կվերադառնանք Ինդոնեզիա և կպատմենք մեր ժողովրդին, կբերենք ավելի շատ մարդկանց Հայաստան»,– նշել է Վիջայան։

Ինդոնեզիայում Բրազիլիայի դեսպանի կինը՝ Միրիամ Պրատան, ևս իր հիացմունքն է արտահայտել․ «Ձեր երկիրը շատ գեղեցիկ է, և դուք պետք է հպարտանաք դրանով։ Շնորհակալություն մեզ ընդունելու համար»։