AM
18 Սեպտեմբեր 2025 - 06:18 AMT

Նիդերլանդները 14 մլն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար

Նիդերլանդները 14 մլն եվրո կհատկացնի ԼՂ փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ Վան Վելը։

Նա նշել է, որ ուրախ էին ընդունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և վերահաստատել երկրների միջև գոյություն ունեցող ամուր կապերը, հայտնում է Factor.am-ը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը»,- գրել է նա։

Նիդերլանդների ԱԳ նախարարը մեկ այլ գրառմամբ նշել է, որ այսօր Նիդերլանդները նաև հայտարարել է 14 միլիոն եվրոյի հատկացում Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման հարթակի (Global Concessional Financing Facility) միջոցով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին մատչելի բնակարանով ապահովելու աջակցելու նպատակով։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։