Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում հանդիպում է անցկացրել այդ երկրի արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վելի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձին զրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Միրզոյանը և վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով, հայտնում է ԱԳՆ–ն։
Բարձրաստիճան պաշտոնյաները անդրադարձ են ունեցել նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ շեշտադրելով գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները՝ զուգահեռաբար պահպանելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդներին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցությունների, մասնավորապես՝ առևտրային կարողությունների աճին և եվրոպական շուկա դուրս գալուն նպաստող քայլերի համար։ Նա նաև բարձր է գնահատել Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակում տրամադրված լրացուցիչ ֆինանսական միջոցները։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։
Սեպտեմբերի 17-ին, Հաագա քաղաքում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Միջազգային քրեական դատարանի համագործակցության, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդմանն ու միջազգային իրավական նորմերի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։






