AM
18 Սեպտեմբեր 2025 - 06:56 AMT

Դատարանը մերժել է Բաղմանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում դատարանը սահմանել է 40 մլն դրամ գրավ՝ զուգակցված Հայաստանից բացակայելու արգելքի խափանման միջոցով։

Սեպտեմբերի 17–ին կայացած դատական նիստում հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը հանդես է եկել դիրքորոշմամբ, ըստ որի՝ Բաղմանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները պետք է պահպանվեն, հայտնում է Factor.am-ը։

Պաշտպանական կողմը՝ փաստաբաններ Մուշեղ Ալեքսանյանն ու Արթուր Մանուկյանը, գրավի պահանջին առարկություն չեն ներկայացրել, սակայն նշել են, որ բացակայելու արգելքի կիրառումն այլևս հիմնավորված չէ։ Նրանք ընդգծել են, որ Բաղմանյանը Հայաստանի տարածքում չի գտնվել այն պահին, երբ տեղեկացել է իր նկատմամբ քրեական հետապնդման մասին, սակայն, եթե ցանկանար խուսափել գործընթացից, չէր վերադառնա հայրենիք։

Բաղմանյանն իր ելույթում նշել է. «Ես փախնելու տեղ չունեմ, իմ հայրենիքը Հայաստանն է»։

Դատարանը, սակայն, որոշել է պահպանել ինչպես 40 մլն դրամ գրավը, այնպես էլ բացակայելու արգելքի խափանման միջոցը։

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ):