«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծին, ասել է, որ իրենց մոտեցումը վարչապետի իմպիչմենտի հարցում չի փոխվել և հստակ արտահայտված է հայտարարությամբ։
Նա նշել է, որ եթե իմպիչմենտին ՔՊ-ականների միանալու ուղղությամբ դրական արդյունք լիներ՝ դա կերևար, հայտնում է «Փաստինֆոն»։
«Իմպիչմենտի գործընթացի մասին մենք հայտարարություն ենք արել և չեմ հասկանում, թե ինչու պետք է մեր մոտեցումը դրանից հետո փոխվի։ Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու լեգիտիմ հիմքեր կան, ապա այս իշխանությունները ստի և խաբեության միջոցով են եկել իշխանության, կեղծ խոստումներ են տվել, ուրացել ու դրժել են բոլոր խոստումները՝ դրանով իսկ լեգիտիմ հիմք ստեղծելով իրենց անվստահություն հայտնելու համար։ Այդ մասին բազմիցս է հայտարարել»,–ասել է նա։
Նա հավելել է, որ նախագծի շուրջ կազմակերպվող խորհրդարանական լսումներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները մասնակցելու են՝ ընդգծելով, որ իրենց գնահատականները և դիրքորոշումները փոփոխության չեն ենթարկվել։
«Այստեղ, կարծում եմ, նոր բան չասացի․ ինչ ասել ենք վեց ամիս առաջ, կրկնում եմ նաև հիմա»,– ասել է Խաչատրյանը։
Մեկնաբանելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների նախաձեռնությունը, Խաչատրյանը պարզաբանել է, որ այդ հանդիպումների մասին կոնկրետ տեղեկություն չունի։
«Մարդկանց քաղաքականությունն այդպես է․ իրենք նպատակահարմար են գտել հանդիպել արտախորհրդարանական ուժերի հետ, ես դրան գնահատական տալու պատրաստ չեմ։ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է հանրային լայն ճնշում, և այդ ճնշում ստեղծելու նպատակով մենք պատրաստ ենք հանդիպել ու խոսել բոլորի հետ»,– նշել է պատգամավորը։
Այն հարցին՝ արդյոք կան ազդակներ, որ իմպիչմենտի գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար ՔՊ-ական 21 պատգամավոր կմիանա, կամ տեղեկություն կա՞ «Պատիվ ունեմի» այս ուղղությամբ դրական արդյունքների մասին, Խաչատրյանը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի։
«Դրական արդյունքը կերևա միայն այն դեպքում, եթե որևէ ՔՊ-ական պատգամավոր որևէ քայլ անի, օրինակ՝ լքի իրենց կուսակցությունը կամ այլ գործընթաց սկսի։ Այս պահի դրությամբ նման բան չեմ տեսնում»,– եզրափակել է Խաչատրյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախաձեռնություն ներկայացնել և այդ նպատակով կազմակերպել հանդիպումներ։
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու ընդդիմության նախաձեռնությանը, ընդգծել է, որ գործընթացի հաջողությունը գործնականում քիչ հավանական է։ Ըստ նրա, պետք է ՔՊ-ական 19 պատգամավոր ևս միանա այդ նախաձեռնությանը, ինչը անհնար է։






