AM
18 Սեպտեմբեր 2025 - 07:51 AMT

Արշակյան․ ՀՀ–ն շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ և ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությանը։

Նա փաստել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ։ Նա ընդգծել է հայ-չինական հարաբերությունների բարեկամական բնույթն ու դրանց խորացման կարևորություն, շեշտադրել բարձր մակարդակի երկկողմ այցելությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Արշակյանը ներկայացրել է վերջին տարիներին հայ-չինական տնտեսական կապերի զարգացման միտումները, նշելով ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Նա նշել է, որ թե՛ առևտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում դեռ առկա է չօգտագործված մեծ ներուժ, ինչը պահանջում է արդյունավետ ներգրավում։ Այս համատեքստում նա կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը համակարգում է տնտեսական համագործակցության հարցերը։

ԱԺ փոխնախագահը խոսել է նաև տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ կապերի սերտացման մասին։ Այս ուղղությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման վրա։

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցել Չինաստանի հետ նաև միջազգային հարթակներում՝ զարգացնելով երկկողմ կապերն ու բազմակողմ ներգրավվածությունը։

Հանդիպման ժամանակ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը՝ անդրադառնալով առկա մարտահրավերներին։ Նա հայտնել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու իր դիրքորոշմանը։ Ըստ նրա՝ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների միջև կայացած հանդիպումը, ինչպես նաև դրա արդյունքներով նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը և եռակողմ հռչակագիրը լուրջ առաջընթաց են։

Նա ընդգծել է, որ չլուծված են մնում որոշ կարևոր հումանիտար հարցեր՝ հիշեցնելով, որ 23 հայ գերի շարունակում է պահվել ադրբեջանական բանտերում։

Պատվիրակությանը ներկայացվել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է խթանել տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու տնտեսական զարգացումը։ Արշակյանը նշել է, որ այս նախագիծը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ տարածաշրջանի համար։

Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության և այցի հրավերի համար՝ Սու Հուեյը անդրադարձել է 2024 թվականին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցին Չինաստան՝ ընդգծելով, որ այդ այցը կարևոր խթան է դարձել հայ-չինական կապերի զարգացման գործում։ Նա նշել է, որ 2025 թվականը նշանավորվել է երկու երկրների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության օրակարգի մասին հայտարարությամբ, ինչը բացել է համագործակցության նոր հնարավորություններ։

Չինական կողմը կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ շփումները։ Սու Հուեյը բարձր գնահատական է տվել Հայաստանին՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին աջակցելու համար, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով ցուցաբերած աջակցությանը։

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղիներ՝ տարբեր ոլորտներում՝ հիմնվելով առկա փոխվստահության ու բարեկամության հիմքի վրա։

Հանդիպմանը մասնակցել են նաև բարեկամական խմբի մի շարք անդամներ, այդ թվում՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը։