Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, անցկացվել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների դեմ ներկայացված՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական նիստը։
Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դատախազության հայցը հիմնված չէ փաստական իրական տվյալների, այլ կանխորոշված ու կանխակալ հաշվարկների վրա՝ միտված բացառապես իր հեղինակության վնասմանը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Դատախազությունը կա՛մ չի տիրապետում օրենսդրությանը, կամ տիրապետում և դիտավորյալ աղավաղում է պատկերը»,–ասել է նա։
Նշվում է, որի դատավարության ընթացքում դատախազությունն արդեն երկրորդ անգամ անուղղակի կերպով ընդունել է, որ նախնական հայցում առկա են եղել սխալներ։ Այդուհանդերձ, ներկայացվել է հայցի հիմքի ու առարկայի փոփոխության միջնորդություն, որը սակայն դեռ չի քննվել։
Դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում էին նախնական հայցում առկա խիստ ուռճացված թվերին ու փաստական տվյալներին՝ պատճառաբանելով, թե «չեն ցանկանում ծանրաբեռնել նիստը»։
Պատասխանող կողմը շարունակել է հարցադրումներ ներկայացնել՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչպես են այդ չափազանցված տվյալները հայտնվել հայցում, արդյոք փոխվել են նաև փաստական հանգամանքներ, և ինչպես ձևավորվել է հայցի բովանդակային կառուցվածքը։
Պաշտպանական կողմի փաստաբան Արամ Օրբելյանն ընդգծել է, որ հայցվորը՝ որպես Հայաստանի Հանրապետություն, իրավունք չունի դատաքննության ընթացքում փոխել անորակ պատրաստված հայցի հիմքը։
«Իրավական հստակ հետևանքներ է առաջանում։ Հայցվորը՝ որպես Հայաստանի Հանրապետություն, չի կարող անորակ ներկայացված հայցը փոխել դատաքննության ընթացքում, պետք է քննենք այն հայցը, որը կա։ Հայցվորն ունի բացառիկ իրավունք՝ հրաժարվելու հայցից»,–նշել է նա։
Օրբելյանն նաև նշել է, որ հայցվորը պարտավոր է պատասխանել կողմի հարցադրումներին և չի կարող խուսափել դրանից՝ մերժելով պարզաբանում տալ։
Դավիթ Հարությունյանն իր հերթին մատնանշել է չորս հիմնական պատճառ, թե ինչու դատախազությունը չի կարող խուսափել նախնական հայցին վերաբերող հարցադրումներից։ Նա ընդգծել է, որ նախ՝ դատարանը վարույթ է ընդունել մեկ հայց՝ հստակ թվերով (օրինակ՝ 46 մլն դրամ), որը դեռ նախնական փուլում է, և դատախազությունը պարտավոր է պարզաբանում տալ հենց այդ տվյալների վերաբերյալ։
Երկրորդ, դեռևս հայտնի չէ, թե արդյոք դատարանը կբավարարի նոր միջնորդությունը՝ հայցի հիմքի փոփոխման վերաբերյալ։ Ուստի նախապես կարծիք հայտնելը կասկածի տակ է դնում դատարանի անաչառությունն ու դատավորի օբյեկտիվությունը։ Երրորդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե հայցի հիմքերում և փաստաթղթերում ինչ փոփոխություն է արվել և ինչու։ Չորրորդ, Հարությունյանը համոզված է՝ այս գործի իրական նպատակն իրեն վնաս հասցնելն է։
Նա շեշտել է, որ դատախազությունը միտումնավոր խոչընդոտել է իր իրավունքը՝ ներկայացնելու բովանդակային դիրքորոշում, ու մատնանշել է եկամուտների նվազեցման և ծախսերի ուռճացման փաստը։
«Հայցվորը ոչ միայն դրսևորել է իրավունքի չարաշահում՝ միտումնավոր կերպով խոչընդոտելով իմ կողմից դիրքորոշում ներկայացնելու իրավունքի իրացմանը, ոչ միայն դատարանում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, այլև՝ իրականացրել այնպիսի ակնհայտ աղավաղումներ, որոնց արդյունքում եկամուտներն էականորեն նվազեցվել են, ծախսերը՝ ուռճացվել, դատարանին սուտ տվյալներ են ներկայացվել»,–ասել է նա։
Հարությունյանն ընդգծել է նաև, որ 46 մլն դրամի թիվը փոխվել է 27 մլն-ի, երբ ինքը հրապարակայնորեն բարձրաձայնել է այդ խեղաթյուրումների մասին՝ բողոքարկելով դատախազության գործողությունները։ Ըստ նրա՝ դա միայն վերաբերում է 2010 թվականի տվյալներին, մինչդեռ այլ տարիների վերաբերյալ սխալ հաշվարկների մասին խոսք դեռ առջևում է։
Նա հարց է ուղղել՝ ի՞նչ նոր տեղեկություն է ներկայացվել, որի հիման վրա փոխվել է հաշվարկը, և միաժամանակ ընդգծել, որ միակ պատճառը այն է, որ իր կողմից բացահայտվել է այդ տարվա հաշվարկներում առկա խեղաթյուրումը։
Անպատասխան հարցեր կուտակվել էին նաև նախորդ դատական նիստից։ Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նախկինում խոստացել էր այս նիստին ներկայացնել պարզաբանումներ, մասնավորապես՝ Հարությունյանի պաշտոնավարման վերաբերյալ 2006 թվականի տվյալները, սակայն այդ խոստումը չկատարեց։ Նա հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, թե հարցերի պատասխանները հայտնի են պատասխանող կողմին։
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն արձագանքել է՝ առաջարկելով գործը փակել և հայցը մերժել, քանի որ Դավիթ Հարությունյանը լիովին տեղյակ է, որ որևէ ապօրինի գույք չի ունեցել։
Հարությունյանն անդրադարձել է նաև դատախազության այն պնդմանը, թե իբր 2006 թվականին ինքը պաշտոն չի զբաղեցրել։ Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ եղել է ՀՀ արդարադատության նախարար, և իր պաշտոնից ազատման նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել 2007-ի հունիսին, ինչը նշանակում է, որ մինչ այդ ինքը շարունակել է պաշտոնավարել և ստանալ աշխատավարձ, որի հաշվարկը բացակայում է հայցադիմումից։ Նա հավելել է, որ նման ակնհայտ բացթողումը չի կարող պատահական լինել։
«Հարցը պարզ էր՝ գիտե՞ք, թե ինչ էր աշխատել արդարադատության նախարարությունում, որովհետև դրանից հետո մտքի տրամաբանությունն ընդամենը բխում էր օրենսդրություն իմանալուց, ընդ որում, բարձրագույն ակտերի՝ Սահմանադրություն, նախագահի հրամանագիր, օրենք»,–ասել է նա։
Դատախազությունն այսօրվա նիստում մի այլ հարցադրման պատասխանելիս հղում է արել ՀՀ նախագահի մի հրամանագրի, որը արգելում էր պատգամավորներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Սակայն պատասխանող կողմը հակադարձել է՝ ընդգծելով, որ այդ արգելքը վերաբերել է հանրային ծառայողներին, ոչ թե պատգամավորներին, և այն ուժի մեջ է եղել մինչ Սահմանադրության ընդունումը, հետևաբար, չէր կարող իրավական հիմք լինել նման սահմանափակման համար։
Դատական գործով հաջորդ նիստը նախատեսված է նոյեմբերի 5-ին։






