Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որը տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում, հայտնում է ԱԳՆ-ն։
Քննարկման ընթացքում Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններին՝ ներկայացնելով երկրի դիվանագիտական առաջնահերթությունները և ներկայիս հարաբերությունները հարևան երկրների հետ։ Նա ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը, ինչպես նաև խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումների մասին։
Մասնավորապես, Կոստանյանն հիշատակել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։
ԱԳ փոխնախարարը նաև վերահաստատել է Հայաստանի վճռականությունը՝ Հարավային Կովկասում հասնելու տևական և հավասարակշռված խաղաղության։ Այս համատեքստում նա ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում առկա հնարավորությունները, որոնք կարող են էապես նպաստել տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության ընդլայնմանը։
Միջոցառման մասնակիցների թվում եղել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ոլորտային վերլուծաբաններ, լրագրողներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագետներ։ Քննարկման ընթացքը համակարգել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






