Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ մուտքի և ելքի կնիքների վրայից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշմանը, ասել է, որ այն շրջանառության մեջ է դրվել ամիսներ առաջ՝ այն ժամանակ, երբ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի այցի մասին խոսք անգամ չի եղել։
«Ընդհանրապես, Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Վարչապետի խոսքով՝ անվտանգության ռազմավարության մեջ առանցքային է լեգիտիմության գործոնը, երբ պետք է ճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ու սահմաններով։
«Սա անում ենք, որ ապահովենք մեր պետության հարատևությունը»,- ընդգծեց Փաշինյանը։
Նա ասել է, թե մինչև 2004 թվականն այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ բացակայությունը, ու երբ դրոշմը հայտնվել է, դա՞ ինչ է նշանակել։
«Առաջիկայում ես կխոսեմ հայրենասիրության այն մոդելի մասին, որի շրջանակներում կայացվել են բոլոր որոշումները, իսկ հիմա այդ բոլոր քայլերը, որ իրականացնում ենք, իրականացնում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունն ուժեղացնելու համար, մենք դա անում ենք Հայաստանն առավելագույնս պատասխանատու միջազգային անդամ դարձնելու համար»,- ասել է վարչապետը։
ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։






