2025 թվականի հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի B-1/B-2 (գործնական կամ տուրիստական) վիզայի դիմող Հայաստանի քաղաքացիները, բացի $185 ստանդարտ դիմումավճարից, վիզայի հաստատման դեպքում կվճարեն ևս $250։ Այսպիսով, ընդհանուր արժեքը կկազմի առնվազն $435՝ կախված անհատի դեպքից։ Այս փոփոխության մասին ԱՄՆ դեսպանատունն իրազեկել է՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին և ներկայացնելով վիզաների նոր պահանջները, գրում է Factor.am-ը։
ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է նաև մի շարք նոր պահանջներ․
DS-160 դիմումաձևի լրացում․ այն պետք է լրացված և հաստատված լինի համակարգում հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։ Նույն հաստատման համարով պետք է ներկայանալ նաև հարցազրույցին։
Դիմումաձևի փոփոխության սահմանափակում․ այսուհետ DS-160-ի հաստատման համարը հնարավոր չի լինի փոխել առանց հարցազրույցի ամրագրումը չեղարկելու։ Անհամապատասխանության դեպքում հարցազրույցը չի կայանա, և նոր օր ստանալու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ։
Բացի վիզաների թանկացումից, ԱՄՆ Պետքարտուղարությունը նախաձեռնել է սահմանել 1 դոլար վճար Green Card-ի տարեկան վիճակախաղի դիմումների համար։ Նախաձեռնությունը Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոյինն է։






