AM
18 Սեպտեմբեր 2025 - 13:50 AMT

Երևանում 12 մարդ թունավորվել է շաուրմայից․ Նույն կետում են սնվել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանիհանրային սննդի օբյեկտում (Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Oբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝

  • սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
  • օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,
  • շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
  • մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,
  • սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,
  • սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն: