«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտել է, որ կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը իր ընկերն է։
«Սամվել Կարապետյանն իմ ընկերն ա, իմ բարեկամն ա»,–ասել է նա, գրում է Factor.am-ը։
Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նա համաձայն է Կարապետյանին մոտ կանգնած շրջանակների այն համոզման հետ, որ վերջինս քաղբանտարկյալ է, Ծառուկյանը կրկին ընդգծել է՝ «Կարապետյանն իր ընկերն ու բարեկամն է»։
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը՝ չի՞ զգում մտավախություն, որ Կարապետյանին աջակցելու պարագայում ինքն էլ կարող է հետապնդման թիրախ դառնալ՝ Ծառուկյանն ասել է, որ չունի մտավախություն։
«Ես ոչ մի մտավախություն էլ չունեմ։ Դուք գիտեք․ ես ինչ մտածում եմ, այն էլ ասում եմ»,-հավելել է Ծառուկյանը։
Գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը, ով երկու ամիսով կալանավորված է, հայտարարել է նոր քաղաքական թիմի ձևավորման գործընթաց սկսելու մասինի։ Կարապետյանը շեշտել է, որ իրենց նոր ձևավորվող թիմը կունենա սեփական մոտեցումը՝ չբացառելով համագործակցությունը համախոհների հետ ու մերժելով հասարակական պառակտումը խթանող քաղաքականությունը։ Նա ընդգծել է նաև, որ իշխանության տարբեր ոլորտներում գործում են մասնագետներ, ովքեր չնայած չեն կիսում իշխանության արժեքները, սակայն դեռևս չեն գտել իրավիճակից դուրս գալու ուղին։






