AM
18 Սեպտեմբեր 2025 - 14:38 AMT

Թոփչյան․ Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղեկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը նշում է հիմնադրման 100-ամյակը, արդեն 25 տարի շարունակ ղեկավարում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

«Երբեք չէի մտածում, որ այսքան տարի կղեկավարեմ ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Չեմ փոշմանում»,–ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ բոլոր այս տարիների ընթացքում յուրաքանչյուր նոր հաջողությունից հետո նրանք միշտ ձգտել են առաջ շարժվել, ինչն էլ երկարաձգել է իր աշխատանքը նվագախմբում։

Թոփչյանն ավելացրել է. «Դժվարություններ միշտ ունեցել ենք, ունենք։ Ունենք շատ ձեռքբերումներ։ Դրանցից ամենակարևորն ինձ համար նվագախմբի մակարդակն է, նվագախմբի իմ ընկերներին, ինձ էլ իրենց հետ հաջողվել է երաժշտական մակարդակը բարձրացնել»։

Այս տարին հոբելյանական է նվագախմբի համար՝ այն նշում է ստեղծման 100-ամյակը։

Հոբելյանական 100-րդ համերգաշրջանն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը անցկացվող Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով։

Արդեն գրեթե 20 տարի այս փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կարևորագույն միջոցառումներից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Մեծ Բրիտանիան ներկայացնող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը։