AM
19 Սեպտեմբեր 2025 - 06:32 AMT

Միրզոյանն ու Չեպելակը քննարկել են ՀՀ–ՄԱԴ համագործակցության հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 18-ին Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ, հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։

Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։

Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ՝ դրանով հնարավորություն ստանալով ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ: