Սեպտեմբերի 18-ին Հաագայի Խաղաղության պալատում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի՝ Մշտական արբիտրաժային դատարանին միանալուն: Միջոցառմանը մասնակցել են ՄՔԴ նախագահը, Նիդերլանդների թագավորական ընտանիքի, արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի արգելման կազմակերպության և Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հաագայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել նախարար Արարատ Միրզոյանը, Դատարանի գլխավոր քարտուղարը, վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատարը՝ Նիդերլանդներում Սլովակիայի դեսպանի պաշտոնով։
Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակն իր խոսքում ընդգծել է. «Հայաստանի անդամակցությունը Դատարանին լիովին համահունչ է հավակնոտ քաղաքական տեսլականին, որը ժամանակակից փոխկապակցված գլոբալ տնտեսության պայմաններում առանձնակի կարևորություն է տալիս ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների առաջմղմանը»։
Վարչական խորհրդի նախագահի պաշտոնակատար Յուրայ Պոդբորսկին նշել է. «Հայաստանի կողմից Դատարանի հիմնադիր կոնվենցիաների վավերացումը հստակորեն ցույց է տալիս, թե որքան կարևոր են բազակողմ քաղաքականությունը և վեճերի խաղաղ կարգավորումը Հայաստանի համար»։
Միջոցառման ընթացքում նաև անցկացվել է ՀՀ ազգային աթոռի բացման արարողությունը։
Ազգային աթոռների ձևավորման յուրահատուկ ավանդույթ գոյություն ունի դատարանում։ Դատարանի յուրաքանչյուր պայմանավորվող կողմի համար նախատեսված այս աթոռներն առանձնանում են բացառիկ փայտագործությամբ, նրբագեղ գործվածքների և ասեղնագործության միջոցով կատարված արվեստով։ Դրանք կրում են անդամ պետության զինանշանը՝ խորհրդանշելով տվյալ երկրի ինքնիշխանությունը և նրա դերակատարությունը դատարանի ստեղծման ու կառավարման գործում։
Միրզոյանն իր ելույթում նշել է. «Միանալով 1899 թ. և 1907 թ. Հաագայում կնքված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին՝ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցող 125-րդ երկիրը: Փոքր-ինչ խորհրդանշական է, որ Հայաստանը դարձավ 125-րդ անդամը այն փուլում, երբ Դատարանը անցյալ տարի նշեց արդարադատությանը և իրավունքի գերակայությանն իր ծառայության 125-ամյակը:
Որպես Դատարանին նոր անդամակցած պետություն՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Դատարանի առաքելությանը, որն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդմանը և միջազգային համագործակցության խթանմանը. արժեքներ, որոնք խորապես արմատավորված են Հայաստանի իրավական հանձնառություններում և միջազգային ձգտումներում։
…Հայաստանը Մշտական արբիտրաժային դատարանի կոնվենցիաներին միանալը դիտարկում է իր ավելի լայն տեսլականի շրջանակներում՝ ուղղված միջազգային իրավունքի հիմքի վրա կառուցված համաշխարհային կարգի ամրապնդմանը և միջազգային հարաբերություններում արդարադատության պատշաճ տեղի ապահովմանը։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավական զարգացումներին մեր ներգրավվածությունը խորացնելու միջոցով մենք ամրապնդում ենք միջազգային իրավական համակարգին արդյունավետորեն նպաստելու մեր կարողությունը։ Այդ նույն ընկալմամբ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ Հռոմի կանոնադրությանը՝ դառնալով 124-րդ ստորագրող երկիրը։
Դատարանին միանալու Հայաստանի որոշումն արտացոլում է նաև մեր ազգային փորձը: Մենք թերևս շատերից ավելի լավ գիտենք վեճերի լուծման անաչառ մեխանիզմների կարևորությունը, որտեղ իրավունքը գերակայում է ուժին, իսկ երկխոսությունը՝ հարկադրանքին: Հենց այս ոգով է Հայաստանը դիտարկում Մշտական արբիտրաժային դատարանը որպես կամուրջ դեպի ավելի արդար և խաղաղ ապագա: Այս համայնքին միանալն ամրապնդում է Հայաստանի ներդրումային միջավայրն՝ ապահովելով լրացուցիչ իրավական երաշխիքներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակցում է, որ ժամանակակից ներդրումային միջավայրը հիմնված է ոչ միայն համարձակ գաղափարների և տնտեսական հնարավորությունների վրա, այլև վստահության, և որ պետական քաղաքականությունը պետք է հետևողականորեն ուղղված լինի հուսալի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, որտեղ վեճերը չեն խոչընդոտում համագործակցությանն, այլ հասցեագրվում են փոխադարձ վստահության և պրոֆեսիոնալիզմի ոգով:
Ձերդ գերազանցություններ, Նշելով այս կարևոր հանգրվանը՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի լիակատար աջակցությունը Դատարանի առաքելությանը և մանդատին: Մենք, որպես հանձնառու գործընկեր, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ միջազգային իրավունքի միջոցով վեճերի խաղաղ կարգավորմանն ուղղված ընդհանուր նպատակի առաջմղման գործում: Շնորհակալություն»:
Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը դարձել է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ՝ դրանով հնարավորություն ստանալով ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ:






