Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ սեպտեմբերի 19-ը պաշտոնապես հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։
Նման կարգավիճակ տալու համար փոփոխություն է կատարվել «Տոն և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






