ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանական կողմը մտահոգություն է հայտնել Հակակոռուպցիոն դատարանում ներգրավված ռուսերենի թարգմանչի վերաբերյալ։ Պատճառը, ըստ փաստաբանների, այն է, որ թարգմանիչ Վարդուհի Շահինյանը աշխատում է մի ընկերությունում, որն ունի համագործակցություն նաև իրավապահ մարմինների հետ։
Նիստը վարում է դատավոր Սարգիս Պետրոսյանը, և գործը վերաբերում է 2008 թ․ մարտի 1-ի իրադարձություններին, որոնց շրջանակում անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Թարգմանչի փոփոխությունը մտահոգությունների տեղիք է տվել, քանի որ նույն մասնագետը ներգրավված է եղել նաև 2019 թ․ դատավարությունների ժամանակ։ Այն ժամանակ ևս բարձրացվել է նույն հարցը՝ իրավապահներին հնարավոր տեղեկություն փոխանցելու վտանգի հետ կապված, գրում է Sputnik Արմենիան։
Դատավոր Պետրոսյանն արձագանքել է, որ նիստին ներկաներից բոլորը տիրապետում են ռուսերենին, ուստի թարգմանության որակի հետ կապված խնդիրներ չպետք է առաջանան։ Բացի այդ, նրա խոսքով, Խաչատուրովն ինքն էլ որոշ չափով հասկանում է հայերեն, և թարգմանության կարիք կա միայն որոշ հատվածներում։ Խաչատուրովը, սակայն, շեշտել է, որ հարցը թարգմանության որակը չէ, այլ վստահությունը։
«Հարգելի՛ դատարան, մենք շատ մոտ ենք իրար նստած։ Ես փաստաբանի հետ եմ խոսում, ինքը (թարգմանիչը– խմբ․) լսում է, ես իր հետ եմ խոսում, փաստաբանն է լսում, բայց երբ ես փաստաբանի հետ եմ խոսում, հնարավոր է՝ կան բաներ, որ չէի ցանկանա՝ ինքը լսեր։ Այն ժամանակ էլ Մուշեղյանն (Հրաչյա Մուշեղյան, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, որն այժմ կալանավորված է–խմբ․) ինձ որպես վկա կանչեց Մոսկվայից, հետո դարձրեց մեղադրյալ, կալանավորեց։ Ու բոլորը ժպտում էին, ինքն էլ էր ժպտում, նա էլ էր ժպտում։ Ես ինչպե՞ս կարող եմ հիմա այդքան թեթև ու հանգիստ վերաբերվել այս գեղեցկուհի, լավ աղջկան։ Սիրտս չի բռնում, դրա համար ես այսուհետև ոչինչ չեմ ասելու, լռելու եմ։ Կխոսի փաստաբանը»,–ասել է նա։
Դատարանը որոշել է քննարկման առարկա դարձնել թարգմանչի բացարկի հարցը։ Վարդուհի Շահինյանն ինքն էլ միջնորդել է ինքնաբացարկի քննարկում՝ նշելով, որ անվստահության պայմաններում դժվար կլինի լիարժեք աշխատել։
Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվել են ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը), սակայն 2021-ին ՍԴ-ն այն ճանաչել է հակասահմանադրական, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Դատարանի որոշմամբ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվել են հետապնդումից, իսկ Քոչարյանի և Գևորգյանի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է միայն այդ հոդվածի մասով։
Սակայն ՍԴ որոշմամբ դատախազությանը հնարավորություն է տրվել մեղադրանքը վերաորակել, ինչի հիմքով գործի քննությունը վերականգնվել է։






