AM
19 Սեպտեմբեր 2025 - 10:58 AMT

Մարուքյան․ Դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով խարխլել ՀՀ ու հայկականության խորհրդանիշները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելը քննադատողներին հակադարձելու համար առաջ քաշվող անհիմն համեմատություններին։

«Թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագածի պատկերը օգտագործի։

Երբ քննադատեցի կառավարության որոշումը՝ սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու և, հետևաբար, նույն հիմնավորմամբ ՀՀ Զինանշանի վրայից Արարատը հեռացնելու նախապատրաստությունների գործընթացը, ինձ սկսեցին ՔՊ-ից և «փորձանքագիտական» դաշտից հակադարձել, թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագած լեռան պատկերը օգտագործի իր կնիքներում և զինանշանի վրա։

Ուրեմն այսպես, եթե Արագած լեռը թուրք ժողովրդի համար սրբության և ազգային ինքնության խորհրդանիշ է, թող օգտագործեն իրենց կնիքների և զինանշանի վրա։ Այդ հարցում ես որևէ խնդիր չեմ տեսնում։

Հետևաբար, դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով, անիմաստ վախերով խարխլել Հայաստանի ու հայկականության խորհրդանիշները և ոչնչացնել մեր ինքնությունը»,–գրել է նա։

ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։