AM
19 Սեպտեմբեր 2025 - 11:58 AMT

ՆԳՆ․ Սսպանությունների թիվը նվազել է, սակայն աճել են սպանության փորձերը

Ներքին գործերի նախարարության օպերատիվ ամփոփագրերի համաձայն՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին արձանագրվել է 32 սպանության դեպք, ինչը 2-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Միաժամանակ սպանության փորձերը աճել են 8-ով։ Բնակարանային գողությունների թվաքանակը նվազել է 44-ով, հայտնում է ՆԳՆ–ն։

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 133 դեպք։ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում վնասազերծվել է բնակարանային գողություններով զբաղվող 19 խումբ՝ ընդհանուր 45 անձի մասնակցությամբ։ Նրանց կողմից կատարված է համարվել 75 գողություն։

Այս ընթացքում արձանագրվել է նաև քրեական ենթամշակույթի հետ կապված 13 դեպք։ Հանձնվել է 1804 հետախուզվող։ Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 25 քրեական վարույթ, որոնցից 13-ը վերաբերում է սեռական, իսկ 12-ը՝ աշխատանքային շահագործմանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, դրական գնահատելով բնակարանային գողությունների նվազումն ու բացահայտման աճը, Արփինե Սարգսյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը, զարգացնել բնակարանային գողությամբ զբաղվող հատկապես խմբերի բացահայտման մարտավարությունը։

Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքը՝ շեշտելով, որ որքան էլ հայտնաբերված զենք-զինամթերքը անցած տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի ավելի է, բայց դեռևս ծավալները շարունակում են մնալ անհանգստացնող։

ՆԳ նախարարությունը պարզաբանել է, որ «իրական սպանությունների» վիճակագրության մեջ չեն ներառվում ինքնասպանությունները, հանկարծամահությունները, դժբախտ պատահարները, ինչպես նաև նախկինում կատարված և այժմ բացահայտված դեպքերը։