Կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդություն էր ներկայացրել, որ կատարվեն «ակտիվ գործողությունները», որոնց անհրաժեշտության մասին խոսվել է դատարանում, սակայն այն մերժել են։
«Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի պայմաններում, հատկապես, երբ քննչական խմբի կողմից օգոստոսի 14-ին Դատարանին ներկայացվել էր դիրքորոշում, որ ակտիվ գործողություններ դեռևս պետք է կատարեն, միջնորդություն էի ներկայացրել, որ կատարվեն այդ «ակտիվ գործողությունները», կամ առերեսում կազմակերպեն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ:
Ի դեպ հերթական իրավական աբսուրդն է, որ մենք ենք դա միջնորդում:
Ստացել եմ Քննիչի որոշումը, ըստ որի.
- Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա,
- Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները /որոնք ընդհանրապես չկան/ ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից: Այսինքն մինչև կալանքի երկարաձգումը:
Արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն և վերջինս 90 օրից ավելի է ինչ կալանավորված է, բայց առերեսման կարիք ըստ քննչականի չկա, այսինքն գործում չկա՝ ընդդեմ ներկայացված ցուցմունք, իսկ «ակտիվ գործողությունների վերաբերյալ տվյալները» ներկայացվել են մինչև կալանքի երկարաձգումը: Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում:
Հ.Գ. Հաշվի առնելով, թե ինչ օր է այսօր՝ հավերժ ու հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին»,–գրել է նա։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






