AM
19 Սեպտեմբեր 2025 - 13:26 AMT

ՀՀ նախագահի նստավայրում պետական պարգևներ են հանձնել

Անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնում է տեղի ունեցել Հանրապետության նախագահի նստավայրում։ Այդ մասին ֆեյսվուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն»,- գրել է վարչապետը։

Նա նաև կարճ տեսանյութ է հրապարակել։

ՀՀ որևէ պաշտոնյա չի հիշատակել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած հայաթափման տարելիցը, չի այցելել Եռաբլուր։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։