AM
19 Սեպտեմբեր 2025 - 13:52 AMT

Խալաթյանը չի վերցնի մանդատը․ Մանուկյանին ԱԺ–ում կփոխարինի Մեղրայնը

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Հայկ Խալաթյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել մանդատից և շարունակել իր գործունեությունը մեդիա ոլորտում։

«Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։

Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։

Համոզված եմ, որ այն գործընկերս, ով կվերցնի մանդատը, ոչ պակաս պատասխանատվությամբ և նվիրումով կներգրավվի մեր պայքարում՝ արժանապատիվ և ազատ հայրենիքի համար։

Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, աջակցել են, պայքարել են կողքիս։ Ձեր վստահությունը իմ ամենամեծ պարտավորությունն է»,- գրել է նա իր էջում։

«Հայաստան» դաշինքի ցուցակով Հայկ Խալաթյանից հետո ցուցակում հաջորդում է ՀՅԴ անդամ Պետրոս Մեղրյանն է, որին էլ կանցնի Մանուկյանի մանդատը, հայտնում է Yerkir.am-ը։

Պետրոս Մեղրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դրելպատգամավորական մանդատը։Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որիր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու է Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: