«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպել է աշխատանքային հանդիպում, որի ժամանակ գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning) ընկերության գործադիր տնօրեն Յոհան Ռաբեն ներկայացրել է քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման արդյունքները։
Հանդիպման մասնակիցների թվում եղել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Յոհան Ռաբենը, ներկայացնելով ռազմավարական շրջանակի հիմնական դրույթները, նշել է, որ դրա մշակման գործընթացը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ հիմնվելով «ՋիԷմՓի» ընկերության պատրաստած գլխավոր հատակագծի հայեցակարգի վրա։ Այդ ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները այցելություններ են կատարել Հայաստան՝ անհրաժեշտ տվյալների հավաքման նպատակով։ Նրանք հանդիպումներ են անցկացրել ավելի քան 50 պետական ու մասնավոր կազմակերպությունների, գիտակրթական և տեխնոլոգիական կառույցների, հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ։ Բացի դրանից, ծրագրի շրջանակում իրականացվել են հարցումներ՝ ներառելով ակադեմիական համայնքի ավելի քան 3000 անդամի, ինչի արդյունքում հավաքագրվել է մոտ 2300 տվյալների փաթեթ։
Տարածած հարցազրույցների և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում գերմանական ընկերությունը մշակել է Ակադեմիական քաղաք նախաձեռնության փուլային իրագործման ճանապարհային քարտեզ՝ ներառելով յոթ առանցքային ուղղություն՝ կառավարման, տնտեսական, գործառնական, իրավական, տեխնիկական, բնապահպանական և անվտանգային, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Վերլուծության հիման վրա ձևակերպվել են առաջարկներ՝ ռիսկերի կանխարգելման նպատակով՝ սկսած կառավարման ընդհանուր խնդիրներից մինչև բնակիչների առօրյային առնչվող հարցեր։
Գերմանական RSUP ընկերության գործադիր տնօրեն Յոհան Ռաբեի հավաստմամբ՝ ամենաառանցքային միտքը, որով առաջնորդվել է շրջանակի մշակման և շահագրգիռ կողմերի հետ քննարկումների ընթացքում, այն է, որ Ակադեմիական քաղաքը պարզապես շինարարական նախագիծ չէ և կառուցվող ենթակառուցվածքների համախումբ, այլ առաջին հերթին հանրապետական մակարդակի համակարգաստեղծ նախաձեռնություն, որն արտացոլում է կրթական լիովին նոր համակարգի ձևավորումը։
Նա համոզմունք է հայտնել, որ նախագծի իրականացման առաջին փուլում Ակադեմիական քաղաքի ընձեռած հնարավորություններից և ենթակառուցվածքներից կկարողանան օգտվել ոչ միայն ուսանողական և ակադեմիական համայնքները, այլև մասնավոր տեխնոլոգիական և նորարարական ընկերությունները, ինչպես նաև հասարակության լայն շրջանակները։






