AM
19 Սեպտեմբեր 2025 - 14:10 AMT

Գրիգորյան․ Ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկը» և TRIPP-ը փոխլրացնում են միմյանց

Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, ՀՀ-ին նոր հնարավորություններ են ընձեռել՝ խթանելու ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ինչպես նաև առաջ մղելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և TRIPP ծրագիրը։ Այդ մասին Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է 1lurer.am-ը։

«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնում են, և, մեր կարծիքով՝ ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազամավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը: Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցված առաջընթացը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»,- ասել է նա:

Գրիգորյանը նաև շեշտել է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։

«Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ-ի կողմից հաստատված Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը»,- ասել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։