AM
20 Սեպտեմբեր 2025 - 06:14 AMT

ԱԽ քարտուղարը չի պատասխանել՝ հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիներով վերադառնա Բաքվից

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափել է պատասխանել գերիներին վերաբերող հարցից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողները նրան հարցրել են` հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիներով վերադառնա Բաքվից, գրում է Sputnik Արմենիան։

«ԱԱԾ–ն հաղորդագրություն է տվել։ Դրանից ավել բան չեմ կարող ասել»,– պատասխանել է նա։

Լրագրողները փորձել են ճշտել՝ մինչ այդ այցը որևէ քննարկում եղե՞լ է նման զարգացումների շուրջ։

«Եթե ինչ որ բան լինի, ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի»,– արձագանքել է Գրիգորյանը։

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ կառույցի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայացող անվտանգության 3-րդ միջազգային համաժողովին։