Երևանում սեպտեմբերի 19–ի երեկոյան տեղացած ոչ հորդառատ անձրևը, դրան հաջորդած հոսանքազրկումը մեծ խցանումների պատճառ էին դարձել:
Ըստ Yandex քարտեզի՝ Երևանում դիտվել էր 10 բալանոց խցանում, գրում է Sputnik Արմենիան։
Երևանի հատկապես Փոքր կենտրոնում երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Գրեթե բոլոր փողոցներում խիտ խցանումներ էին։
Հոսանքազրկվել էր նաև Երևանի Օպերայի և բալետի շենքը, որի ֆիլհարմոնիկ դահլիճում նվագախումբը հեռախոսների լույսերի ներքո էր փորձում նվագել։ Համերգի մեկնարկից մոտ կես ժամ անց նոր Օպերայի շենքում էլեկտրաէներգիան վերականգնվեց։
Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճում այդ երեկո նախատեսված էր Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում։






