Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության վարչության ղեկավարի պաշտոնակատար Ավետ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության միաջդեպին և իր հասցեին հնչող մեղադրանքներին։
Նա հայտարարել է, որ ծեծկռտուքի հետ կապ չունի, սակայն, ընդունել է, որ սխալ էր «անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով է պատասխանել»։
«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։
Հ.գ լուսանկարը իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից է»,-ասվում է գրառման մեջ։
Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից ինքը բռնության էր ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ։
Ավինյանը Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել:






