AM
20 Սեպտեմբեր 2025 - 07:54 AMT

ՍԴ-ն անվավեր է ճանաչել խուլ և կույր անձանց դատավոր դառնալու բացարձակ արգելքի դրույթը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել կառավարության որոշման այն դրույթները, որոնք բացարձակ արգելք էին դնում խուլ կամ կույր անձանց դատավոր դառնալու վրա, հայտնում է Panorama.am-ը։

Դատարանը արձանագրել է, որ նման արգելքները խախտում են անձանց՝ հանրային ծառայության մեջ ընդգրկվելու սահմանադրական իրավունքը և չեն համապատասխանում համաչափության սկզբունքին։ Միաժամանակ շեշտվել է, որ հիվանդությունների ցանկ սահմանելը կառավարության իրավասությունն է, սակայն նման դեպքերում անհրաժեշտ է անհատական մոտեցում կիրառել։

Ըստ Սահմանադրական դատարանի՝ դատավորի թեկնածուի կարողությունները պետք է գնահատվեն ոչ թե հաշմանդամության փաստով, այլ ըստ նրա՝ արդարադատություն իրականացնելու գործնական ունակությունների։

Այս որոշումը նշանակալի առաջընթաց է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի ճանաչման և հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։ Որոշման վերաբերյալ առավել մանրամասն մեկնաբանություն ներկայացվելու է հետագայում։

Կառավարության որոշման համաձայն՝ դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելք էր սահմանվում երկու ականջի կայուն լրիվ խլութուն կամ խուլհամրություն ու երկու աչքերի կուրություն ունեցող անձանց համար: