Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել քննարկումներ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամանակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով, հայտնում է 1lurer.am-ը։
«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումներ, և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասել է նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչու է Հայաստանի վերաբերյալ բաժնում բացակայում «անխոչընդոտ ճանապարհ» ձևակերպումը, Միրզոյանը պատասխանել է․ «Իսկ անխոչընդոտն ի՞նչ է։ Հայաստանի պարտավորությունները դրա վերաբերյալ ամրագրված են տասնյակ միջազգային փաստաթղթերում ու կոնվենցիաներում, և դրանք վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններին»,հայտնում է Aysor.am-ը։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է՝ պայմանավորվել են այն կետերի շուրջ, որոնք գրված ու հրապարակված են, «մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն»։
«Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։ Հիմա էլ պատրաստ ենք»,-ասել է Միրզոյանը։
Սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։






