AM
20 Սեպտեմբեր 2025 - 08:25 AMT

Փաշինյան․ 1 տարի 7 ամիս է սահմանին զոհ ու վիրավոր չի եղել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում ասել է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանին հրաձգությունից արդեն 1 տարի 7 ամիս զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել:

Վարչապետը նշել է, որ կուսակցության 7-րդ համաժողովը տեղի է ունենում միանգամայն նոր պայմաններում, հայտնում է Արմենպրեսը։

«ՀՀ–ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: Անկախացումից ի վեր մենք նման որևէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի: Սա է խաղաղությունը»,–ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հավելել է, որ առաջնային խնդիր է դարձրել ապահովել, որպեսզի այս 1 տարի 7 ամիսը շարունակություն ունենա՝ դառնալով 2 տարի 7 ամիս, ապա՝ 3, 100, 200 տարի 7 ամիս և այդ միտումը տարածվի Հայաստանի բոլոր սահմանների վրա։

Վարչապետը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովից առաջ հայտարարել է՝ եթե կառավարությանը հաջողվի 2–3 տարի պահպանել պետության գոյությունը, ապա այն կպահպանվի նաև հաջորդ հարյուրամյակներում։

«Այդ հայտարարությունից 3 տարի անց ձեր առաջ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ ՀՀ–ում կառավարող կուսակցության համաժողովում մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված»,–ասել է Փաշինյանը՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։