ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին, հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ:
«Այսօր, Հայաստանի ժողովուրդ ասելով, հավասարապես նկատի ունեմ Ղարաբաղի մեր ժողովրդին, ովքեր, ի հեճուկս բոլոր փորձերի, ի հեճուկս աննկարագրելի ողբերգության՝ չներքաշվեցին հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ: Եվ այսօր, այո՛, այդ թվում մեր աջակցությամբ՝ փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Փաշինյանը հավելել է, որ ՀՀ ժողովուրդն իրենց ապավենն է, «ներշնչանքի աղբյուրը, գործատուն ու ղեկավարը, ուժը ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը՝ Հայաստանի Հանրապետության նոր դարաշրջանը»:
Եվ ուրեմն մեր խոնարհումը Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,– ասել է Փաշինյանը։
Փաշինյանը անդրադարձել է նաև իր հայրենասիրության մոտեցման փոփոխությանը՝ համեմատելով ներկայիս մոդելը 2019 թվականի իր դիրքորոշման հետ և պարզաբանելով այն ժամանակ արված որոշ հայտարարությունների դրդապատճառները, հայտնում է Արմենպրեսը։
«Չեմ կարող մոռանալ, որ 2019թ-ին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ինչո՞ւ եմ այսօր խաղաղության բերկրանք ապրելով՝ 2019-ին արել այդ հայտարարությունը: Սա պետք է շատ կոնկրետ պատճառ ու բացատրություն ունենա: Եվ բացատրությունն իրոք շատ կոնկրետ է: Այդ արտահայտությունն արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել: Հարց է ծագում՝ ի՞նչ է, հիմա հայրենասեր չե՞մ. իհարկե հայրենասեր եմ: Բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ. ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ»,–ասել է Փաշինյանը։
Նա բարձրացրել է հարց՝ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս երևացող հակասությունը և որտեղի՞ց է այն ծագել։ Վարչապետի կարծիքով՝ հիմնական պատճառը թաքնված է հայրենասիրության մոդելի տարբերության մեջ։
«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով: 2019–ին ես հայրենասեր էի՝ այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով: Բայց ո՞վ է հանձնարարել հայրենասիրության այդ մոդելը, ո՞վ է այն ձևավորվել: Այդ մոդելը խորհրդային կայսրության, ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն է»,–նշել է նա։
Փաշինյանը նկատել է, որ մինչ «Իրական Հայաստան» գաղափարախոսության ձևավորումը, հայրենասիրական ընկալումները մեծ մասամբ հիմնվել են 1940–1980-ականների ընթացքում ստեղծված գրականության, արվեստի ու մշակույթի վրա։
«Ոչ մի կասկած. մեր մեծերը մեծ ջանք են դրել՝ մեր ժողովրդի իրական ձգտումների, հույզերի ու զգացմունքների հետ կապված ուղերձներ ձևակերպելու այդ գործերում: Բայց այդ ամենն ի վերջո պարփակված է եղել Խորհրդային Միության «Գլավլիտով»: «Գլավլիտը» մի կազմակերպություն էր, որը գրաքննում էր բոլոր ելույթները, թերթերի բոլոր հրապարակումները, բոլոր գրքերը, ամբողջ բովանդակությունը: Եվ այն, ինչ չէր անցնում այդ «Գլավլիտի» քավարանով, չէր հրապարակվում: Հետևաբար այդ բոլոր ստեղծագործությունները, որոնց հիման վրա ձևավորվել է հայրենասիրության մեր մոդելը, ձևավորվել են «Գլավլիտի» պայմաններում: Հետևաբար, առնվազն որոշ չափով արտահայտել են կայսրության վարած քաղաքականությունը և կառուցվել են այդ առանցքի շուրջ»,– ասել է վարչապետը։






