Արցախի նահատակված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ 75-ամյա տիկին Լիդան սեպտեմբերի 19–ին Եռաբլուրում միայնակ ակցիա է իրականացրել։ «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ նա այրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որտեղ նրա ձեռքին Էրդողանի գիրքն է, ինչպես նաև Աննա Հակոյանի՝ Ալիևի ու Էրդողանի կանանց հետ լուսանկարները։ Այդ մասին նա ինքն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում։
Դրանք այրելիս, ինչտ տեսանելի է տեսանյութում, նա երկու ցանկություն է պահել՝ «տեսնել դավաճանների վերջը, Արցախն էլ ազատագրված»,:
«Ամեն անգամ ուզում եմ մի բան անել, մի ձև սիրտս հովացնել էս վառվող անարդարության ու անզորության ցավից։ Ու ամեն անգամ Դավիթիցս ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ դարդ ու ցավս թողած նման ակցիաներ անել։ Բայց ի՞նչ անեմ. քաղաքական գործիչները լուռ են, ժողովրդի մի մասը լուռ ու անտարբեր։ Լավ ուրիշ բա ի՞նչ անեմ, որ իրար գան, հասկանան վերջապես, որ երկիրը մաս-մաս կործանվում է։ Երևի էլի ասեք՝ էս կինը խեկագարվել ա։ Գուցե։ Դժվար ա տեսնել էս ամենն ու սթափ մնալ, առողջ մնալ, չխենթանալ…
75 տարեկան եմ, իմ կարողացածն էլ սա է։ Ամեն մեկը մի բան անելով, մի, թեկուզ այս դաշտում դրանց մի վնաս տալով, գոնե ցույց կտա, որ անտարբեր չի, համաձայն չի, պայքարում է թուրքի դեմ, որ չի մոռացել, չի ուրացել։
Էլի եմ ասել՝ Աստծուց շատ բան չեմ ուզում, մենակ վերջներդ տեսնեմ հայադավ, հայատյաց ու հայակործան տականքներ»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է նա։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






