ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացվել է Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և մյուսների գործով դատական նիստը, հայտնում է «Փաստինֆոն»։
Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստյանը դատարանին միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Նա շեշտել է, որ այդ միջոցն իր պաշտպանյալի նկատմամբ չափազանց խիստ է։ Բացի այդ, Մինասյանը պետք է մասնակցի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող այցին։
Մեղադրող կողմը դեմ է եղել միջնորդությանը՝ փոխարենը առաջարկելով կիրառել գրավ։ Մինասյանը այդ առաջարկն անընդունելի է համարել՝ այն գնահատելով որպես նվաստացուցիչ վերաբերմունք Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Նա նշել է, որ իր անցած ճանապարհն ու գործունեությունը անթույլատրելի են դարձնում նման առաջարկների հնչեցումը։
«Սա շինծու գործ է, հետագա ընթացքը ցույց կտա, որ վերջում մեղադրողն է ներողություն խնդրելու»,–ասել է նա։
Դատարանը բավարարել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը և վերացրել խափանման միջոցը։
Քրեական գործը, որի շրջանակում անցնում են Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը և ևս երկու անձ, առնչվում է մի քանի տարի առաջ «Սևան» ազգային պարկի տարածքում Սեյրան Օհանյանի կողմից հողատարածք ձեռք բերելուն։ Ըստ մեղադրանքի՝ Օհանյանը, լինելով Պաշտպանության նախարար, պետական նշանակության հողատարածք է զբաղեցրել՝ իրավական հիմքեր չունենալով։ Այդ տարածքում կառուցվել է առանձնատուն, որի անվտանգության ապահովման համար ներգրավվել են ռազմական ոստիկանության ծառայողներ։
Իրավապահ մարմինների պնդմամբ՝ Արծվիկ Մինասյանը ևս ներգրավված է եղել այս գործով, չնայած այն հանգամանքին, որ ենթադրյալ դեպքերի ժամանակ նա նախարարի պաշտոնում գտնվել է ընդամենը երկու օր։ Մինասյանը և Օհանյանը կտրականապես չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքները։
Գործով որպես մեղադրյալ ներգրավված են նաև Աշոտ Գրիգորյանը, Լևոն Բարսեղյանը, Բենիամին Ղալեչյանը և Էդգար Գրիգորյանը։






