AM
20 Սեպտեմբեր 2025 - 10:14 AMT

Փաշինյան․ Կաթողիկոսը պետք է հեռանա կամավոր, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում կրկին խոսել է այն մասին, որ կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է հեռանա, քանի որ, ըստ նրա, «Եկեղեցու առաջնորդության մի հատված` Կտրիճ Ներիսիսյանի գլխավորությամբ, շարունակում է մնալ կայսերական տրամաբանության մեջ»։

«Օրակարգը հետևյալն է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց վեհարանը Կտրիճ Ներիսիսյանից ազատելու։ Մենք այս օրակարգը պետք է անպայման օգտագործենք։ Պետք է հեռանա կամավոր, այլ տարբերակ չկա։ Եթե ոչ, կհեռանա ժողովրդական ներգործությամբ», – ասել է Փաշինյանը, հայտնում է «Առավոտը»։

Ըստ նրա, սա նախ և առաջ հոգևոր, ապաքաղաքական նախաձեռնություն է, որ կուսակցական հարթակում քննարկելու հարմար պահերը սակավ են։ Միևնույն ժամանակ, այս հարցը, ըստ Փաշինյանի, ունի նաև ազգային անվտանգությանն առնչվող հայեցակարգային շերտեր, որոնք միաժամանակ առնչվում են և չեն առնչվում հոգևոր օրակարգին։

Նա պատմական անդրադարձ է կատարել՝ շեշտելով, որ Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է 301 թվականին Տրդատ Մեծի կողմից՝ իբրև պետական ինստիտուտ, սակայն, ըստ նրա, Հայաստանի պետականության բացակայության կամ թուլության պայմաններում, եկեղեցին դարեր շարունակ գործել է որպես կայսերական կառույց։

Փաշինյանը նույնիսկ մեղադրել է կաթողիկոսին Աստծուն չհավատուլու մեջ։

«Դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն և նրան վերաբերվում են որպես ապրանքային նշանի, որը կարող է լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում»,-ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ եկեղեցին պետք է վերադառնա պետականամետ ու պետականակենտրոն ուղուն, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը կաթողիկոսից ազատելու։

«Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ։ Պետք է հեռանա կամավոր, առանց ժողովրդական ներգործության, բայց եթե ոչ, ուրեմն կհեռանա ժողովրդական ներգործությամբ։ Խնդիրը հենց այն է, որ Կտրիճ Ներսիսյանը ոչ Աստծուն է ծառայում, որովհետև վստահ է, որ նա պարզապես գոյություն չունի, ոչ ժողովրդին, որովհետև վստահ է, որ նա իշխանություն չունի իր վրա։ Բայց մենք Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա և ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա։ Ու սա ընդամենը ժամանակի հարց է, նուրբ հարց է, և այստեղ պետք է գործել նրբորեն»,–ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։