«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ 2026թ․ ընտրապայքարը վաշինգտոնյան փաստաթղթերին կողմերի և դեմերի միջև է լինելու:
Ըստ նրա՝ քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ վաշինգտոնյան փաստաթղթերին։
«Մեր հանրությունն ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում:
2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը, և եթե դեմ են,
պարտավոր են ներկայացնել, թե ինչպե՞ս և որտեղի՞ց են ներդրումներ բերելու, սպառազինություն գնելու և անվտանգություն ապահովելու։ Գաղափարական առումով ընտրապայքարը` կողմերի և դեմերի միջև է լինելու։ Իհարկե կլինեն նաև անհատական և սեփական շահի նկատառումներով քվեարկողներ։ Համոզված եմ, որ այդ փուլը ՀՀ քաղաքացին անցել է և այդ տեսակը որոշիչ չի դառնալու……»։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






