AM
22 Սեպտեմբեր 2025 - 08:00 AMT

Սաղաթելյան․ Պետք է ձևավորենք համազգային «Ոչ»-ի ճակատ

Սեպտեմբերի 21–ին, ՀՅԴ կազմակերպած տոնական երթից հետո ՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «այսօր մեզ փորձում են համոզել, որ մենք ազգային նպատակ և տեսլական չունեցող ազգ ենք, մեր անկախ պետականությունը պետք է միայն կուշտ ստամոքսի, հարկեր մուծելու կամ տոնակատարություններին մասնակցելու համար»։

«Արդյո՞ք Ավարայրում, Սարդարապատում, Արցախյան ազատագրական պայքարի, 44 օրյա պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը պայքարում էր կենցաղային հարցերի համար։ Բնականաբար Ո՛չ: Մեր պայքարը եղել է ինքնության համար, մեր հող ու ջրի, մեր լեզվի ու մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մեր պայքարը եղել է հայ լինելու ու հայ մնալու համար»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սաղաթելյանը հայտարարել է, որ պետք է ձևավորել համազգային «ՈՉ»-ի ճակատ։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու իր մտադրության մասին: Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։

Դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագրի ավարտն է ,որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորելու է «Չորրորդ Հանրապետություն» մոդելի տակ։

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝

  • պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը,
  • պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր պատմամշակութային ժառանգությունից,իր ժողովրդի հավաքական իրավունքներից
  • պետություն, որն պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից։

Այս հրեշավոր ծրագիրը իրականություն կդառնա, եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի սահմանադրությունը՝ փորձելով ժողովրդին դարձնել իրեն հանցակիցը:

Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ամբողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Այս մարտահրավերը՝ իբրև գոյաբանական վտանգ, պահանջում է համազգային և համահայկական պատասխան։

Մենք այդ մարտահրավերը ընդունում ենք՝ ստանձնելով մեր բաժին պատասխանատվությունը և պատրաստ ենք այդ կարևոր ճակատամարտին։

Մինչ այդ մենք պետք է ձևավորենք համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր գիտեն, որ՝

  • անցյալն ուրանալով ապագա չես կառուցի,
  • քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա,
  • ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի։

Այդ ճակատը ը ունի հստակ անելիք և ասելիք , համատեղ ուժերով, արդյունավետ մեխանիզմներով, բացահայտել իրականությունը՝ անընդհատ և անդադար, հնարավոր ձևերով ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները։ Ժողովրդին ցույց տալ, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ նրանք կազմալուծում են հայկական պետականությունը։

Բացահայտել Փաշինյանի ծրագիրը, ցույց տալ դրա հետևանքները նշանակում է՝ նրան զրկել այն խաղաթղթից, որով պատրաստվում է վերարտադրվել։ Ասել եմ և շարունակում եմ պնդել ,որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար նրա հեռացումը կամ վերատադրության կանխում ազգային անվտանգության հարց է»,–ասել է նա իր ելույթում։

Սաղաթելյանը հավելել է, որ Հայաստանը միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ամբողջ հայ ժողովրդինն է, հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

«Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը՝ պաշտպանելու մեր անկախությունն ու ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու:

Արամ Մանուկյանը և մեր նախնիները մեզ պարտավորեցնում են լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների համար»,–ասել է Սաղաթելյանը։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։