ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն փաստին, որ պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին:
«Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին:
Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները ձգտում են սպառազինության արդիականացմանն ու բանակի մարտունակության բարձրացմանը:
Նրանք բոլորը գիտակցում են, որ դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա:
Իսկ իմաստ ունի՞ գրել, թե ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում` ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»,–ասվում է գրառման մեջ։
2026 թվականի ամառային զորակոչից պարտադիր զինվորական ծառայություն 2-ի փոխարեն 1,5 տարի կդառնա: Այսպիսի օրենսդրական փոփոխություն է առաջարկել pաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:






