AM
22 Սեպտեմբեր 2025 - 09:54 AMT

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները

Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի աշխատանքներին մասնակցում են նաև պատվիրակներ Թուրքիայից և Ադրբեջանից։ Սեմինարը երկօրյա է, հայտնում է Auroranews.am-ը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեմինարի ընթացքում ունեցած իր ելույթում ընդգծել է․ «ՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը»։

Նախարարը հավելել է, որ այս փուլում միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները ներառում են ռազմավարական փաստաթղթերի մշակման նոր չափորոշիչներ և մոդելներ, Զինված ուժերի կառուցվածքային և կառավարման բարեփոխումներ, ինչպես նաև կրթական ու ուսումնավարժական համակարգերի զարգացում։

«Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա»,- նշել է նա։